2026 թ․մարտի 19-ի ժամը 13։43-ի դրությամբ, դեռևս համոզված էի, որ ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների կայուն կառուցվածքն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը։
Նաև կարծում էի, թե ինտելեկտը միավորում է դատողություններ և եզրահանգումներ կատարելու, գիտելիքներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու հնարավորությունները։
Սակայն նույն օրվա ժամը ուղիղ 13։44-ի դրությամբ արդեն հասկացա, որ ինտելեկտը, ինչպես ռուսներն են պատկերավոր բնորոշում՝ «совсем другой фрукт»!
Որքան էլ աբսուրդ թվա, այնուամենայնիվ, ասեմ՝ դուք էլ իմանաք։ Ի վերջո, ալգորիթմների ու զարգացած թվային դարում ենք ապրում, ամոթ է, եթե յուրաքանչյուր թափթփուկ հայտնի ֆիլմի Косой-ի հայտնի ցիտատը շպրտի մեր հասցեին՝
- Во деревня, а! Ну ты даёшь!
Չկռահելով, որ՝ это не мы даём, а «վարչաբենդ» даёт։
Այո՛, այո՛, հենց «վարչաբենդը», որի քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե վերլուծական կենտրոններում, այլ ուղիղ եթերների «բեսեդկաներում»։
Ս/թ․մարտի 19-ի ժամը 13։44-ից սկսած «իրական» Հայաստանում պետք էր հավաքել քննարկվող հարցին առնչվող քրեստոմատիական բոլոր սահմանումները, փաթեթավորել և քանի որ մակուլատուրա կոչվածը վաղու՜ց անցյալի գրկում է, գցել հանրահայտ խոզ քերթողի մանղալին։ Որովհետև լուսավոր 21-րդ դարում ինտելեկտի բարձրագույն դրսևորումը ոչ թե ռացիոնալ մտածողությունն է կամ բարդ իրավիճակներում կողմնորոշվելը, այլ, զորօրինակ, Իսպանիայի մայրաքաղաքն ուղիղ եթերում, առանց «կողմնակի օգնության» անգիր հիշելու «սուպեր-ունակությունը»։
Իսկ եթե այդ ամենը «լիցքավորում» եք նաև «30 ձգումով» ու «արա»-յով համեմված սոուս-հռետորաբանությամբ, ապա դուք արդեն ոչ թե պարզապես անհատ եք, այլ պետականության նորօրյա էտալոն։
Իսկապես էլ՝ եթե ոչ «էտալոն», ապա ուրիշ էլ ի՞նչ մակդիրով բնորոշել, երբ սուպեր-«վարչաբենդն» ընդամենը մեկ րոպեում, իր «սուպեր-ինտելեկտով», «Մադրիդ»-ի ու 30 ձգումի արանքում կարողանում է փոշիացնել մարդկության ողջ փիլիսոփայական ժառանգությունը՝ Կանտից մինչև Դեկարտ։
Իսկ ինչու՞ չարչարվել ու անտեղի ժամանակ վատնել բարդ ռազմավարությունների կամ դիվանագիտական անհասկանալի նրբությունների վրա, եթե «ուժեղ» լինելու միակ վավերական ապացույցն ուղիղ եթերում մկաններ ցուցադրելն ու «արա»-ով հարցեր լուծելն է։
Ի՞նչ կասեր Косой-ը, եթե լսեր այս «սուպեր-ինտելեկտուալի» ուղիղ եթերից հնչեցրած հետևյալ տողերը․
«Էդ, որ ասում եք՝ ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա։
Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք և ես ընդունեմ, որ ուժեղ եք։
Կամ ուրիշ տարբերակ՝ ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության ասեք որն ա Իսպանիայի մայրաքաղաքը, և ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»։
Չեմ կասկածում՝ Косой-ը թոքերի ամբողջ ծավալով կկլաներ թթվածինն ու կգոռար․
- Դը՜փ, դը՜մփ հու՜ու՜ու՜․․․ տիեզերական ինտելե՜ե՜ե՜կտ․․․ ա՛յ քեզ իրողություն։
Ի դեպ, հիշյալ Reels-ից հետո, վերջապես բացահայտեցի մեր ողբերգական կորուստների ու խորքային ձախողումների պատճառը։
Փաստորեն՝ բանակցություններում ուժեղ լինելու համար պետք էր ոչ թե դիվանագիտություն ու ռազմավարություն, այլ ուղիղ եթերում 30 անգամ ձգվել։
Իսկ մենք՝ ոչ ռացիոնալ մտածողներս, հիմարաբար կարծում էինք՝ պետության ղեկավարի ուժը չափվում է ընդունած որոշումների արդյունավետությամբ, դիվանագիտական հաղթանակներով, երկրի անվտանգությամբ։
Թյուրիմացաբար համոզված էինք, թե երկիրը գիտելիքով ու խելքով են պահում։
Ամենևին էլ ո՛չ։
Պարզվում է՝ «Իսպանիայի մայրաքաղաքն» է գիտական անհաս գագաթը։ Դրանից այն կողմ միայն «արա»-ն է ու քյաբաբ-խորովածը։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա այսօր հերթական Reels-ով մեր բոլոր զգայարանները բառացիորեն խցանած «զիբիլը» ոչ թե պետական այրի խոսք է, այլ բակային «ռազբորկա», որտեղ փաստարկների բացակայությունը փոխարինվում է փողոցային ժարգոնով։
Ցավալի է, որ պետության ճակատագիրը որոշողի համար «սուպեր ինտելեկտը» սահմանափակվում է դպրոցական ատլասի էջերով։
Տեղի ունեցածը ոչ թե ինտելեկտի պակասի հետևանք էր, այլ պետականության՝ ուղիղ եթերում իրականացվող դիահերձում, որտեղ «սկալպելի» դերում փողոցային ժարգոնն ու տխմար եզրահանգումներն էին։
Տեղի ունեցածն անգամ պոպուլիզմ չէ, այլ «ինտելեկտուալ արգելավազք», որտեղ հակառակ մարզաձևում ընդունված կանոնների՝ խոչընդոտները ոչ թե բարձրանում են, այլ իջնում մինչև հատակը։
Մինչ մենք փորձում ենք ռացիոնալ եզրահանգումներ անել նախաքննական գաղտնիքների ու «թաքուն» վարույթների մասին, մեզ առաջարկում են մտնել ուղիղ եթեր ու «ձգվել»։ Գուցե հաջորդ քայլով էլ առաջարկեն պետական բյուջեի դեֆիցիտը լրացնել բակային պտտաձողի վրա «արևիկներ» անելով կամ ճոճանակից թռչելո՞վ։
Զարհուրելի է՝ 21-րդ թվային դարում, երբ աշխարհը քննարկում է քվանտային հաշվարկներն ու արհեստական բանականությունը, մենք ստիպված ենք «գնահատել» «վարչաբենդի» աշխարհագրական գիտելիքների նախակրթարանային մակարդակը։
Իսկապես՝ «это не мы даём»!
Մենք պարզապես փաստում ենք՝ հերթական անգամ դարձանք ականատեսը պետականության դեգրադացիայի ուղիղ եթերի, որտեղ Մադրիդի տեղն իմանալը դարձել է հերոսություն, իսկ փողոցային ժարգոնը՝ կառավարման լեզու։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ